Ինչու եմ կրկին գրառում անում ուկրաինական պատերազմի թեմայով. որովհետև դրա ավարտի արդյունքներով է պայմանավորված ամեն ինչ՝ և՛ նոր աշխարհակարգը, և՛ տնտեսական-էներգետիկ և մեր տարածաշրջանի զարգացումներն ու կարգավիճակը նոր միջազգային հարաբերություններում:
Ընդհանուր տպավորությունն այն է, որ պատերազմի ավարտի գործում ամենաքիչ շահագրգռված անձը Զելենսկին է: Ինչու՞: Պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում անխուսափելի են նոր ընտրությունները, իսկ այդ ժամանակ ուկրաինական հանրությունը հրապարակային հարցեր է հնչեցնելու: Արդյո՞ք հաղթել են: Կորցրած տարածքները, հատկապես՝ Ղրիմը, վերադարձրե՞լ են: Ինչու՞ իշխանությունը չի գնացել փոխզիջման 2022-ին և հաջորդ երեք տարիներին, երբ պայմանները շատ ավելի լավ էին և կորուստները՝ քիչ: Ինչպե՞ս է գոյատևելու երկիրը մի քանի հարյուր միլիարդ արտաքին պարտքերի տակ: Ինչպե՞ս է վերականգնվելու մարդկային ռեսուրսը, մասնագետների կորուստը: Եվ էլի մի քանի կարևոր հարցեր, որոնց Զելենսկու վարչախումբը և նրանց արևմտյան հովանավորները վաղ, թե ուշ ստիպված են առերեսվելու և պատասխանելու: Իհարկե, այս բոլոր հարցերին կարելի է պատասխանել, թե պատերազմել ենք պետականության պահպանման համար և բղավել Слава Украине: Բայց հայր և որդի կորցրած, սովի և մթի մեջ թաթախված քաղաքացուն դա արդեն չի բավարարի: Անձնական ճակատագրի նկատմամբ վախն ու սարսափը Զելենսկուն դարձնում են առավել վնասակար խաղաղության բանակցություններում:
Գարիկ Քեռյան